Թուրքիայի մայրաքաղաքում հուլիսի 28-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ընդդեմ քրդական բանվորական կուսակցության (PKK): Այս մասին հաղորդում է թուրքական «Sabah» թերթը։

Քրդական զինյալների դեմ կազմակերպված՝ ԱՄՆ-Թուրքիա-Իրաք ձեւաչափով հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, Իրաքի կողմից մասնակցել է Իրաքի անվտանգության նախարար Շիրվան էլ Վալիլին, որի հետ եղել է նաեւ քուրդ ներկայացուցիչ։ ԱՄՆ-ի կողմից մասնակցում էր Իրաքի բազմազգ ուժերի հրամանատարի տեղակալ Սթիվեն Համերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայում PKK-ի գործունեության կանխարգելման եւ ահաբեկչության դեմ պայքարի դեմ կողմերի հետագա անելիքները:

Քրդական բանվորական կուսակցության դեմ կազմակերպված այս հանդիպումը իր ձեւաչափով առաջինն էր։ Կողմերը նախատեսեցին հաջորդ հանդիպումը անցկացնել հոկտեմբեր ամսին Բաղդադում։