Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի Սեմերջյանին (Ժանսեմ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Պատվո շքանշանով է պարգեւատրվել աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան` հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար եւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիա ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Matignon» պատկերասրահ, որտեղ Ժանսեմի ուղեկցությամբ ծանոթացել է նրա ստեղծագործություններին:

Ինչպես նշել է Ժանսեմը, ինքը միշտ սրտի թրթիռով է այցելում Հայաստան, եւ հպարտ է, որ հայ է: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե իրեն անհանգստացնում է հանգամանքը, որ իր որդիներն ու թոռները հայերեն չգիտեն:

Ի պատասխան նախագահը նկատել է, թե հայ է նա, ում մեջ ապրում է հայկական ոգին, իսկ արտերկրում հայերենը զարգացնելու համար ստեղծվել է Սփյուռքի նախարարությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունը երեկ եռօրյա այցով մեկնել է Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Հայաստան-Ֆրանսիա» պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը: Մարտի 10-ին Ելիսեյան պալատում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի ընթացքում քննարկվելու են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը եւ հայ-թուրքական գործընթացը: