Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդված Սիսիան քաղաքի բնակիչ, 17-ամյա Ա. Խաչատրյանն այս տարի ավարտել էր դպրոցը եւ ընդունվել Ռազմական ավիացիոն ինստիտուտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրան ջրից հանած փրկարարները:

Նրանք պատմեցին, որ երիտասարդը 7 ժամ մնացել է ջրում: Դեպքի մասին բնակիչները ահազանգել են Սյունիքի մարզային փրկարարական վարչություն, նրանք մեկնել են տարածք, սակայն չի հաջողվել հանել երիտասարդին ջրամբարից: Այնուհետեւ, նրանք օգնության են կանչել փրկարարական ուժերի վարչության ջրափրկարարական ջոկատին, ովքեր 23.30-ի սահմաններում հանել են երիտասարդի մարմինը:

Իսկ  Շաքիի գյուղապետ  Վահան Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ա. Խաչատրյանը Սիսիան քաղաքի բնակիչ է, ընկերների հետ եկել էին իրենց գյուղի տարածք` լողալու: Նա երկու քույր ունի: Գյուղապետն ասաց, որ երիտասարդի ընկերների մի մասը ասում էր, թե վերջինս լողալ գիտի, մի մասը ասում էր` չգիտի: «Երեխաների պատմելով` մտել է լողալու, այդ պահին խեղդվել է, չեն կարողացել փրկել, կարծում եմ` վախեցել են մտնել, այդ տարածքն այդքան մեծ չէ»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 17-ամյա Ա. Խաչատրյանը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ եւս 8 հրշեջ-փրկարար: Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին: