Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից:

Մեր տեղեկություններով՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը «մրցույթ է կազմակերպել» եւ Ամիրյանին նշանակել այդ պաշտոնում:

Ի դեպ, ՀՀՌԸԽ-ում Ամիրյանի նշանակման լուրը ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ միայն խորհուրդ տալով սպասել պաշտոնական հաղորդագրությանը:

ՀՀՌԸԽ-ում հայտնեցին, որ Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոընկերությունը միավորվելու են, եւ նոր գործադիր տնօրենը ղեկավարելու է միաժամանակ երկու հիմնարկներն էլ:

Նշենք, որ Հանրայինի նախկին գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը նշանակվելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար, իսկ Սամվել Ֆարմանյանը ղեկավարելու է Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների նոր ստեղծվելիք բաժինը: