Ոստիկանության եւ ԱԱԾ-ի համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ բերման են ենթարկվել 16-ամյա Մկրտիչ Հովսեփյանը, 28-ամյա Հայկ Բուդոյանը եւ նրա կրտսեր եղբայրը`16-ամյա Վիգեն Բուդոյանը:Նրանք մեղադրվում են զբոսաշրջիկների վրա կատարված ավազակային հարձակումների համար:
Հիշեցնենք, հուլիսի 23-ին Արամի փողոցում ավազակային հարձակման են ենթարկվել Չեխիայի հանրապետության երկու քաղաքացի: Հուլիսի 25-ին. Ե. Կողբացու եւ Վ. Սարգսյան փողոցներում ավազակային հարձակման էին ենթարկվել Նիդեռլանդների թագավորության երկու եւ Արգենտինայի երեք քաղաքացիներ:
Ըստ ոստիկանության` Մկրտիչ Հովսեփյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով՚»տեսակի ատրճանակ, իսկ Բուդոյանների բնակարանից հայտնաբերվել են զբոսաշրջիկներին պատկանող «Վիզա Էլեկտրոն» եւ «Մաստեր» քարտեր, անձնագիր, ժամացույցներ, դրամապանակներ, բջջային հեռախոսներ, տարբեր երկրների դրամներ եւ այլ իրեղեն ապացույցներ:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ հնարավոր է նրանք կատարած լինեն նմանատիպ այլ հանցագործություններ եւս, ուստի` տուժողները կարող են դիմել ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


























