Այսօր` մարտի 10-ին Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող «Միլանո» խանութը փակվել է եւ նրա դռների դիմաց հայտնվել են ոստիկաններ ու հարկադիր կատարողներ: Նրանք կեսօրին մոտ սկսել են խանութի ապրանքը դուրս բերել` արկղերի մեջ լցնելով: Եռահարկ «Միլանո» խանութը պատկանում է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին, որի սեփականատերն է Հովհաննես Ղուկասյանը:
Բանն այն է, որ Աբովյան փողոցի այս հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ, իսկ տարածքի ձեռքբերողը «Ավո ՖՄ» ՍՊԸ-ն է:
«Միլանո»-ի սեփականատիրոջ ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը վտարման վերաբերյալ ծանուցագիրն ստացել է երեկ ուշ ժամին, ուստի հնարավոր չի եղել տեղափոխել հագուստը: Չնայած վտարման գործընթացն սկսվել է, սակայն սեփականատերը դեռեւս չի ստացել պատշաճ փոխհատուցում եւ փոխհատուցման պայմանագիր դեռ կնքված չէ տարածքի նոր սեփականատիրոջ հետ:
Հովհաննես Ղուկասյանին առաջարկել են փոխհատուցել միայն առաջին հարկի 125 քմ-ի դիմաց` 200 մլն դրամի չափով, այնինչ խանութը եռահարկ է` չհաշված տանիքը եւ նկուղը: Ընդ որում, նա այդ 200 մլն դրամն էլ չի ստացել:
«Եթե այս տարածքը համարվել է հանրային գերակա շահ, ապա սեփականատերը գոնե ողջամիտ ժամկետներում պետք է հնարավորություն ունենա գումարը ստանալ եւ գնա մեկ ուրիշ տեղ տարածք գնի եւ տեղափոխվի այնտեղ»,- ասել է Տիգրան Հայրապետյանը:
Խանութի սեփականատերն ասել է, որ իրենք դիմելով բոլոր դատական ատյաններին, այլեւս հույս չեն կապում ներհայաստանյան ատյանների հետ եւ պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան: Նշենք նաեւ, որ ԴԱՀԿ աշխատակիցները արգելել են լրագրողների մուտքը խանութի տարածք: Ավելի վաղ խանութի սեփականատերը այս խնդրով նամակ է հղել Սերժ Սարգսյանին, սակայն պատասխան չի ստացել:



















