Ադրբեջանը զայրանալով այն փաստից, որ տարեց տարի ավելանում են ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների քանակը, որոնց թվում մեծ թիվ են կազմում նաեւ ազգությամբ ոչ հայերը, փորձում է օգտագործել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ հարաբերություններում Վրաստանի իշխանությունների ունեցած հակասությունները եւ այդ հարցում Վրաստանին դարձնել իր դաշնակիցը: Այսօր նման տեսակետ հայտնեցին NEWS.am-ի հետ զրուցած փորձագետները, հավելելով, որ թերեւս, դա է պատճառը, որ առաջիններից մեկը հենց Ադրբեջանն էր, որ հայտարարեց, որ իր քաղաքացիներին կոչ է անում այդ հանրապետություններ այցելել բացառապես Վրաստանի օրենքներին համապատասխան:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ, մի քանի ՀՀ քաղաքացիներ Ռուսաստանի տարածքով Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելելու պատճառով ձերբակալվել էին Վրաստանում, սակայն ՀՀ ԱԳՆ տվյալներով, վերջին շրջանում նման դեպքեր չեն արձանագրվել:
ՀՀ քաղաքացիների Աբխազիա եւ Հարավային Օսա այցելության խնդրին անդրադառնալով, ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել հնարավոր բարդություններից: «ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, որ վրացական օրենսդրության համաձայն, Հարավային Օսիա եւ Աբխազիա այցելությունը ոչ Վրաստանի տարածքով քրեորեն պատժելի հանցագործություն է»,- ասել է Տ. Բալայանը, հերքելով ռուսական մամուլում հայտնված տեղեկությունը,որի համաձայն, պաշտոնական Երեւանն, իբր, երբեք չի արգելել Աբխազիա եւ Հարավային Օսեթիա այցելելիս ընտրել այս կամ այն երթուղին:
Նկատենք, որ այսօր Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբան «Պանորամա.ամ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի վերը նշված հայտարարությանը, նշել է. «Մենք Ադրբեջանից այլ բան չէինք էլ սպասում և նույնիսկ, ոչ մի պատասխան էլ չենք տվել այդ հայտարարությանը, որովհետև Ադրբեջանը ՎՈՒԱՄ անդամ երկրներից է, և մեր նկատմամբ ունի ընդգծված թշնամական քաղաքականություն: Ըստ էության, մեր երկիր Ադրբեջանի քաղաքացիներ չեն էլ այցելում, հնարավոր է ինչ-որ առանձին դեպքեր լինեն, բայց ընդհանուր առմամբ, ադրբեջանցիների զգալի քանակ Աբխազիա չի այցելում»:
Նկատենք, որ Աբխազիայում այսօր ապրում են մի քանի տասնյակ հազար հայեր:




























