Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Վարչապետի՝ մարտի 10-ին կայացած ասուլիսի ընթացքում, որին բացի Բեռլուսկոնիից, ներկա է եղել նաեւ Իտալիայի պաշտպանության նախարար Իգնացիո Լա Ռուսսան, լրագրող Ռոկկա Կառլոմանյոն մի քանի անգամ փորձել է հարց տալ վարչապետին, սակայն նրան չեն թողել մոտենալ բարձրախոսին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Լրագրողը փորձել է բարձր ձայնով պնդել իր պահանջը՝ խափանելով ասուլիսի ընթացքը: Ի պատասխան Բեռլուսկոնին լրագրողին անվանել է անդաստիարակ եւ սադրիչ՝ հավելելով. «Այս ասուլիսը լրագրողների համար է, եւ ոչ թե Ձեր նման անհատների»:
Ի պատասխան Կառլոմանյոյի պնդման, թե այլ լրագրողների տված հարցերը նախապես պատրաստված են, Բեռլուսկոնին ասել է, թե ոչինչ էլ նախապես պատրաստված չէ՝ վիրավորական արտահայտություններ անելով լրագրողի հասցեին:
Ապա իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Պաշտպանության նախարարը փորձել է կոպիտ կերպով լրագրողին դուրս մղել դահլիճից: Կառլոմանյոն անվտանգության աշխատակիցներից պահանջել է դահլիճից վռնդել Լա Ռուսսային՝ նրան «ֆաշիստ» անվանելով եւ խոստանալով դատարան դիմել:



















