Վայք-Զառիթափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով ոտքը կորցրած 16-ամյա  Լիլիթ Աբրահամյանին երեկ՝ հուլիսի 21-ին երեք անգամ վիրահատել են, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել աղջնակի ոտքը:Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջին վիրահատության ժամանակ երեկ` առավոտյան 8.30-ին, Վայքից 7 կմ հեռավորության վրա, աղջկա ոտքը անդամահատվել է: «Մեքենայի մեջ ոտքը արդեն լրիվ պոկվել էր, Վայքում ոտքի վերքը փակել էին, բայց չէին կպցրել, ասել էին` անհնար է: Նրա ազգականի ոտքը 20 տարի առաջ` պատերազմի ժամանակ, ես կպցրել էի  նույն ձեւ, նա էր ստիպել, որ երեխային տեղափոխեն Երեւան»,- պատմեց Արտավազդ Սահակյանը:

Վայքից աղջնակին տեղափոխել էին Երեւան եւ երեկ` ժամը 15.30-ին, Արտավազդ Սահակյանը ու նրա բժիշկների խումբը սկսել են մոտ 3 ժամ տեւած բարդ վիրահատությունը: Բժիշկն ասաց, որ ամեն ինչ լավ է ընթացել, եւ նույն օրը երեկոյան 20.30-ին երրորդ անգամ նրան վիրահատել են, այս անգամ վիրահատությունը տեւեց մինչեւ 1.00-ը: «Նորից նույն վիրահատությունը արեցինք, ոտքի սնուցող անոթները խցանվել էին, նորից բացել ենք, նորից ենք կարել, որովհետեւ բացի այդ պոկված մասից, նաեւ ազդրի ստորին երրորդականում մեծ կոտրվածք կար եւ այնտեղի հեմատոման ճնշում էր ու դժվարացնում էր մեր գործը: Եթե այդ մարդը չպնդեր, չբերեին, այդ երեխան կզրկվեր ոտքից, 16 տարեկան շատ սիրուն աղջիկ է»,- հայտնեց միկրովիրաբույժը:

Բժշկի խոսքով` այս պահի դրությամբ Լիլիթ Աբրահամյանի գիտակցությունը տեղն է, նա ակտիվ է, վիճակը մնում է ծանր, բայց ոտքը կա, արյան շրջանառությունը նորմալ է. «Իզուր չանցավ աշխատանքը»,- ասաց Արտավազդ Սահակյանը, ով երեկվա վթարի ժամանակ գտնվելիս է եղել Նոյեմբերյանի սարերում, իրեն զանգել են եւ 2 ժամում հասել է Երեւան՝ աղջկան վիրահատելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: Վթարի հետեւանքով վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղեւորներ՝ 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը եւ 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ Ա.Աբրահամյանը եւ Ա.Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս են գրվել, իսկ Հ.Առաքելյանը եւ Լ.Աբրահամյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: