Այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները բավական հակասական են: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի ֆոնին (8,3 տոկոսով) բավական դանդաղ է աճում միջին ամսական նվազագույն աշխատավարձը (2,7 տոկոսով):
Ի թիվս այլ գործոնների, միջին աշխատավարձի վրա ազդում են շինարարության ոլորտում անբարենպաստ միտումները, որոնք հանգեցնում են աշխատավորների աշխատավարձի «սառեցման»:
Նշենք, որ պետական սեկտորում շինարարների հայտարարվող աշխատավարձը (այսինքն հաշվետվություններում նշվող աշխատավարձը) անհամեմատ բարձր է, քան մասնավոր սեկտորում: Իսկ ընդհանուր առմամբ, պետական սեկտորում գործերն ավելի վատ են. այս տարի աշխատավարձի առավել բարձր հավելաճի տեմպ է արձանագրվել մարտին (2,9 տոկոս), իսկ առավել ցածր տեմպ՝ հունվարին (1,8 տոկոս): Մայիսին այդ ցուցանիշը կազմել է 2 տոկոս: Հավելենք, որ աշխատավարձերի ռումով պետական սեկտորում ամենավատ վիճակում գտնվում են «բյուջետային» ուսուցիչները:
Շատ ընտանիքների համար միակ օգնությունը արտաքին տարնսֆերտներն են: Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք այս տարվա հունվար-մայիսին ստացել են մոտ 577,4 մլն դոլար, ինչը 57,5 մլն-ով (11,1 տոկոսով) բարձր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Ապրանքների ու ծառայությունների թանկացումը պաշտոնյաները «բացատրում են» օբյեկտիվ գործոններով, սակայն նկատենք, որ մեր խոշոր գործարարները, հատկապես առեւտրի ոլորտում (թե ներքին, թե արտաքին) սովորել են անձնական գերշահույթներ ստանալ եւ սովորական եկամտի անցնելը նրանց համար բավական «դժվար է»:
Իհարկե, օտարերկրյա ընկերությունները եւս, ամենաթողության պայմաններում, դեմ չեն օգտվել ստեղծված պայմաններից եւ գերշահույթներ ստանալ: Հիշենք «ԱրմենՏել» ընկերության նախկին սեփականատեր հունական OTE ընկերությունը, որը բաց եւ անպատիժ չարաշահում էր իր մենաշնորհային դիրքը բջջային կապի շուկայում: Հենց դրանում է պատկան մարմինների մեղքը, որի արդյունքում էլ այսօր տեղի է ունենում գների ու սակագների անհիմն աճ:
Մի շարք երկրներում սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների ու ծառայությունների համար սահմանվում է կամ սահմանային եկամտաբերություն, կամ գների ու սակագների վերին շեմ (օրինակ Ֆրանսիայում, Ավստրիայում եւ այլն): Մեզ մոտ կան մի շարք ծառայություններ, որոնք կարգավորում են համապատասխան պետական գերատեսչությունները կամ տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն վերջին օրերին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաեւ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը ցույց տվեց այդ «կարգավորման» ողջ ֆորմալ բնույթը:
Այդ պայմաններում միակ հույսը մնում է հասարակական վերահսկողությունը, սակայն դրան խանգարում է երկու գործոն: Նախ, առեւտրային ընկերությունների գործունեության բացարձակ ոչ թափանցիկ բնույթը, որոնք վերջիններս հիմնավորում են առասպելական «առեւտրային գաղտնիքով»: Երկրորդ, առեւտրային ընկերությունների գործունեության մանրամասն ուսումնասիրության, առավել եւս անկախ աուդիտի համար մեծ գումարներ են անհրաժեշտ:
Արտերկրում պետությունը հաճախ սուբսիդավորում է սպառողների ազգային ասոցիացիաները՝ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար, եւ այդ վերահսկողությունը ուժեղանում է զգալի գնաճի դեպքում, սակայն խիստ կասկածելի է, որ մեր կառավարությունը նման վերահսկողության համար բյուջեից միջոցներ հատկացնի:
Միաժամանակ, սպառողական գների ինդեքսի եւ միջին ամսական աշխատավարձի հարաբերակցությունը անցած կիսամյակում առանձնապես հույսեր չի ներշնչում (տես ներքեւի աղյուսակը): «միայն աշխատավարձով ապրող» ընտանիքների, առավել եւս թոշակի հույսին մնացած մարդկանց համար միշտ էլ դժվար է եղել հաղթահարել գնաճը: Հիմա, երբ գնաճի նոր ալիք է սկսվել, անապահով խավի տնային տնտեսությունները ստիպված են լինելու կրկին տնտեսել, որպեսզի վճարեն գազի ու էլեկտրաէներգիայի, իսկ երեւանցիները նաեւ հասարակական տրանսպորտի բարձրացված ուղեվարձի դիմաց:
Անփոխարինելի ապրանքների ու ծառայությունների գնաճը, բնականաբար հանգեցնելու է այսպես կոչված «երկրորդական» ապրանքների ու ծառայությունների սպառման կրճատման, ինչպիսիք են մսամթերքը, կենցաղային տեխնիկան, բժշկական ծառայությունները, նաեւ զբոսաշրջությունը, հասարակական սնունդը եւ այլն:

Ալբերտ Խաչատրյան




























