Հյուսիսային Ատլանտիկայում ավարտվել է բրիտանական SS Gairsoppa բեռնանավից ռեկորդային քանակությամբ արծաթե ձուլակտորների դուրսբերումը: Նավը 1941թ. Իռլանդիայի ափերում խորտակել էր նացիստների սուզանավակը, գրում է The New York Daily News-ը: Գտնված գանձերի ընդհանուր արժեքը 35 մլն դոլար է:
Ամերիկյան Odyssey Marine Exploration (OMEX) ընկերության արշավախումբը գտնված գանձերի ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 2013թ. հատակից 60 տոննայից ավելի արծաթ բարձրացնելով, հայտնում է Lenta.ru-ն:
Արշավախմբի անդամները 2013թ. խորտակված նավից ավելի քան 1,5 հազար արծաթե ձուլակտորներ են բարձրացրել՝ 48 տոննա զանգվածով: Այս պահի դրությամբ դուրս է բերվել թանկարժեք բեռան 99%-ը:
SS Gairsoppa-ի տեղը հայտնի էր դարձել 2011թ.՝ պատմական հետազոտության շնորհիվ, որի ընթացքում, մասնավորապես, հաշվի էր առնվել գերմանական սուզանավակի հրամանատարի զեկույցը:
1941թ. խորտակված բրիտանական նավում գտնվող 85 մարդուց, որոնց մեծ մասը Հնդկաստանից էին, ողջ էր մնացել միայն մեկը: Նավի բեռն ապահովագրված էր եղել սեփականատերերի կողմից, այնպես որ դրա կորստից հետո տերերը փոխհատուցում էին ստացել բրիտանական իշխանություններից, իսկ խորտակված բեռան տնօրինման իրավունքն անցել էր կառավարությանը:




























