Հավայան Կաուաի կղզուց ոչ հեռու ձկնորսությամբ զբաղվող ձկնորսի նավակը շրջվել է հսկայական մեծաչյա թյունոս ձկան կողմից: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 105 կգ կշռող ձուկը շատ ծանր է եղել փոքրիկ նավակի համար:

Երբ 54-ամյա Էնթոնի Ուիչմանը ջրում է հայտնվել, ձուկը սկսել է քաշել կարթաթելը եւ գրեթե խեղդել է ձկնորսին: Վերջինս կարողացել է բռնվել նավակից: Նա կարողացել է կապվել կնոջ հետ, որն էլ իր հերթին հաղորդել է պատահածի մասին: Կինն ամուսնու համար փրկարարներ է կանչել, փոխանցում է Lenta.ru-ն:

Ձկնորսին ուղղաթիռով հիվանդանոց են հասցրել, որտեղ պարզվել է, որ նա լուրջ վնասվածքներ չունի: Ձուկն ու նավակը տարել են ձկնորսի ընկերները: Առայժմ չի հաղորդվում, արդյոք նա պատրաստվում է պահել ձուկը, թե վաճառել այն:

Մեծաչյա թյունոսների երկարությունը կարող է հասնել մինչեւ 2.5 մետրի, իսկ քաշը՝ 180 կգ-ի: Հավանացիները այս ձկնատեսակը կոչում են ախի: