ԵՄ արտգործնախարարները համաձայնության են հասել «Հըզբոլլահի» ռազմական թեւը ահաբեկչական խմբավորումների եվրոպական ցանկում ընդգրկելու հարցում: Այս մասին այսօր հայտնել է եվրոպական լավատեղյակ աղբյուրը: «Այս հարցի շուրջ փոխըմբռնման են հասել», - ընդգծել է նա:
Մեծ Բրիտանիան հանդես էր եկել նախաձեռնությամբ, որի համաձայն Եվրամիությունը «Հըզբոլլահի» լիբանանյան շիական թեւը պետք է ընդգրկեր ահաբեկչական խմբավորումների եվրոպական ցանկում: Այս հարցում Մեծ Բրիտանիային սատարել են ԵՄ-ում նախագահող Լիտվան, ինչպես նաեւ Նիդեռլանդներն ու Ֆրանսիան, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դրա պաշտոնական պատճառ է դարձել Բուրգասի ահաբեկչությունը: Նախորդ տարվա հուլիսի 18-ին քաղաքի միջազգային օդանավակայանում իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուսի պայթյունից 7 մարդ էր զոհվել՝ հինգ զբոսաշրջիկ, ավտոբուսի վարորդը եւ մահապարտ-ահաբեկիչը: Ավելի քան 30 մարդ վնասվածքներ էր ստացել:



























