Ամերիկացի դիվանագետները ռուսական իշխանություններին են փոխանցում իրենց մտահոգությունը ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ճակատագրի վերաբերյալ: Այս մասին հուլիսի 22-ին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը:
«Մենք մեր անհանգստությունը ռուսական կառավարությանը բավականին հաճախ եւ պարզորոշ կերպով ենք արտահայտել»,-գրել է դիվանագետը՝ Twitter-ի իր միկրոբլոգում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, փաստաբան Անատոլի Կուչերենան հաղորդել էր, որ զարմացած է, որ ամերիկյան դիվանագետները Սնոուդենի ճակատագրով չեն հետաքրքրվում՝ չնայած որ նա արդեն մեկ ամիս է՝ «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում է:
Հիշեցնենք, որ ԿՀՎ նախկին աշխատակիցը լրատվամիջոցներում տեղեկություններ էր հրապարակել ամերիկյան հատուկ ծառայությունների գերգաղտնի ծրագրերի մասին՝ կապված տեղեկատվության գաղտնազերծման հետ: ԱՄՆ իշխանությունները այդ քայլը համարել են պետական դավաճանություն: Սնոուդենը սկզբում մեկնել է Հոնկոնգ, որտեղից էլ՝ Մոսկվա: Նա շաունակում է մնալ «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում եւ չի կարող լքել այն, քանի որ ամերիկյան իշխանությունները նրա անձնագիրն անվավեր են ճանաչել:



























