Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն անհանգստացած է, որ երկրի խորհրդարանում կարող է ձեւավորվել ոչ սահմանադրական մեծամասնություն: Այս մասին նա հայտարարել է Լվովում մտավորականության հետ հանդիպման ժամանակ: «Եթե նախագահը գնա այդ ճանապարհով, ես կդիմեմ ազգին եւ անհնազանդության կոչ կանեմ»,- սպառնացել է նա:
Միաժամանակ Յուշչենկոն նշել է, որ տեսականորեն տարբերակ կա խորհրդարանական ճգնաժամից դուրս գալու համար: Մասնավորապես, ըստ նրա, հնարավոր է կոալիցիա ստեղծել ռեգիոնների կուսակցության եւ Յուլիա Տիմոշենկոյի բլոկի միջեւ, «բայց դա կլիներ ամենաուժեղ ռուսական նախագիծը»:
Երկրորդ ճանապարհը, նախկին նախագահի համոզմամբ, կարող է լինել Ռեգիոնների կուսակցության եւ իր գլխավորած «Մեր Ուկրաինան» դաշինքի կոալիցիան:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը օրենք է ստորագրել խորհրդարանական կոալիցիայի մասին: Իսկ մինչ այդ Յուշչենկոն նամակ էր հղել Յանուկովիչին, կոչ անելով չստորագրել այդ օրենքը, քանի որ այն խախտում է Սահմանադրությունը:



















