Առնվազն 500 կալանավորներ փախուստի են դիմել կիրակի գիշերը՝ Իրաքում բանտերի վրա ահաբեկիչների հարձակումից հետո, հաղորդում է «Ռոյթերս» գրծակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները:
Կիրակի գիշերը մի խումբ ահաբեկիչներ համակարգված կերպով հարձակում են գործել Բաղդադի հյուսիսում տեղակայված «Թաջի» եւ արեւմուտքում տեղակայված «Աբու-Գրեյբ» բանտերի վրա: Մարտերն ավելի քան 10 ժամ են տեւել, ինչից հետո գրոհայինները նահանջել են:
Ինչպես հայտարարել է տեղի պատգամավորներից մեկը, մոտ 500 բանտարկյալներ, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործունեության համար, փախել են «Աբու-Ղրեյբ» բանտից:
Այլ տվյալների համաձայն՝ փախուստի դիմած բանտարկյալների թիվը կարող է հասնել հազարի:
Ավելի վաղ Ռոյթերս գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, հաղորդել էր, որ ահաբեկիչների հետ մարտերի արդյունքում զոհվել էր 26 իրավապահ եւ ավելի քան 20 բանտարկյալ: Հարձակում գործողների կողմից տված զոհերի մասին առայժմ չի հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























