Ավելի քան 100 հանրահռչակ երաժիշտներ հանդես են եկել համատեղ միջազգային կոչով՝ բանտից ազատ արձակել ռուսական Pussy Riot փանք-խմբի երկու անդամներին, որոնց վաղաժամկետ ազատ արձակման վերաքննիչ բողոքները մերջելու հարցը քննարկվելու է այս շաբաթ:
Համապատասխան դիմումը հրապարակվել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում:
Նամակը ստորագրողների շարքում են, մասնավորապես, Փոլ ՄաքՔարթնին, Բրայան Ադամսը, Բըրքը, The Chemical Brothers, Coldplay խմբերի երաժիշտները, երգչուհի Դայդոն, սըր Էլթոն Ջոնը, Ալանիս Մորիսեթը, Օզզի Օսբորնը, Radioheadն ու U2-ն:
Իր դիմումում նրանք նշել են, որ հասկանում են, թե «որքան հակասական զգացմունքներ կարող է առաջացնել բողոքի ակցիան եկեղեցում»: «Այդուհանդերձ, մենք Ռուսաստանի իշխանություններին խնդրում ենք վերանայել խիստ դատավճիռները, որպեսզի դուք կարողանաք վերադառնալ ձեր երեխաների ու ընտանիքների գիրկը, ձեր սովորական կյանքին»,-նշել են նամակի հեղինակները, հաղորդում է «Ռոսբալտը»:
«Ազատ կարծիք արտահայտելու եւ այլակարծության իրավունքը լրիվ օրինական է եւ կարեւոր դեր է խաղում յուրաքանչյուր ժողովրդավարության մեջ: Հանցագործությունը, որում ձեզ մեղադրել են, կարելի է ասել, այնտեղ տուժողներ չկան: Մեր տեսանկյունից, արդարացի հասարակությունում չեն կարող լինել հանցագործություններ, եթե չկան տուժողներ»,-ասել են նրանք:
Հիշեցնենք, որ 2021-ի օգոստոսին Pussy Riot փանք-խմբի երեք անդամներ եկեղեցու զանգակատանը «Փանք աղոթքի» համար դատապարտվել են երկուական տարվա ազատազրկման: Ավելի ուշ նրանցից մեկի՝ Եկատերինա Սամուցեւիչի նկատմամբ կիրառվել է պայմանական ազատազրկում եւ նա ազատ է արձակվել:



























