Հայաստանի խորհրդարանը կանցնի Թուրքիայի հետ ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացմանը միայն, երբ փաստաթղթերը կվավերացվեն թուրքական խորհրդարանում: Այդ մասին մարտի 11-ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած «Ռոուզ ռոթ» եռօրյա սեմինարին, որը մեկնարկել է այսօր Երեւանում:
Ինչպես ընդգծել է Աբրահամյանը, հայկական կողմը դիտարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների: Տվյալ փաստը, ըստ նրա, ամրագրված է ստորագրված արձանագրություններում:
Ըստ խորհրդարանի նախագահի՝ կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Խոսելով հայ-թուրքական կարգավորման մասին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն ընդգծել է շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:
Լենմարկերը հույս է հայտնել, թե Հայաստանի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները:



























