ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանին եւ տարածաշրջանին: Այդ մասին, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած «Ռոուզ Ռոթ» եռօրյա սեմինարին, որը մեկնարկել է այսօր Երեւանում, հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ նախկին նախագահ Լոիկ Բուվարը:
Նա ընգծել է, թե հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի զարգացմանը, եւ անհրաժեշտ է դուրս գալ ստեղծված իրավիճակից: ՆԱՏՕ ԽՎ-ն ամեն կերպ աջակցելու է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, նշել է Բուվարը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա ընդգծել է, թե ողջունում է դրանք կարգավորելու երկրների ջանքերը, հույս հայտնելով, որ բոլոր խոչընդոտները կհաղթահարվեն: Միեւնույն ժամանակ ֆրանսիացի պատգամավորը շեշտել է, թե հեռու է մտքից, որ պատմությունը պետք է մոռացության մատնվի: «Հուսով եմ՝ երկրները իրենց մեջ ուժ կգտնեն եւ կընդունեն սեփական պատմությունը»,- հայտարարել է Բուվարը: Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանն առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը, երբ առկա երկրներից շատերը չկային աշխարհի քարտեզի վրա:
Բուվարը նկատել է, որ սեմինարը հնարավորություն կընձեռի երկխոսություն սկսել տարածաշրջանի երկրների միջեւ: Նրա խոսքով, չնայած, որ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, չի ձգտում ՆԱՏՕ, անուամենայնիվ կաեւոր գործընկեր է:
Նշենք, որ ՆԱՏՕ ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» եռօրյա սեմինարը մեկնարկել է Երեւանում, մարտի 11-ին: Միջոցառումը կանցնի «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» խորագրի ներքո:



























