«Իրավիճակը լուրջ է, բայց մենք էլ ենք աշխատում եւ ասել, որ տեղեկատվական պատերազմում Հայաստանը միանշանակ պարտվում է, ճիշտ չէ, թեեւ դա հաղթանակ էլ չի»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Armenianhouse.org» էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական շարժում» կազմակերպության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը նշել էր, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմում պարտվում է Ադրբեջանին:
«Այն, որ մենք լուրջ խնդիրներ ունենք տեղեկատվական պատերազմի ոլորտում, այդ մասին խոսում ենք արդեն 10 տարի, սակայն վերջին 2 տարում այն դարձել է հանրության թեմա եւ բոլորն են սկսել խոսել այդ մասին: Բայց ես վերջին երկու տարում առանձնապես փոփոխություն այդ հարցում չեմ նկատում»,- նշեց Կ. Վրթանեսյանն ու հավելեց. «Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մարդիկ, որոնք նոր են այս ոլորտում, հանկարծ հանդես են գալիս հայտարարություններով, որ Հայաստանը պարտվում է եւ այլն եւ այլն: Այստեղ միակ միջոցը ոչ թե հայտարարելն է, այլ կոնկրետ գործ անելն , որն, իրականում այդքան էլ ոգեւորիչ գործ չի: Դա աշխատանք է արխիվներում, դա լրատվական հոսքերի մոնիտորինգ է, որը ոչ այնքան աշխույժ ու ոչ այնքան հետաքրքիր աշխատանք է, որը ցավոք, ոչ ոք չի ցանկանում անել»:
Հարցին, թե կիսո՞ւմ եք տեսակետը, թե այդ հակահայկական քարոզչության արդյունքում Եվրոպայում Հայաստանի նկատմամբ բացասկան իմիջ է ձեւավորվում, նա պատասխանեց. «Ադրբեջանի կողմից փորձեր արվում են Եվրոպայում Հայաստանի նկատմամբ բացասական իմիջ ստեղծել, թեեւ չէի ասի, որ դա հաջողված փորձեր են: Սակայն, եթե մենք պատասխաններ չտանք, ապա հնարավոր է եւ հաջողության հասնեն»:



















