Մեր երկրի հայկական դպրոցներում ուսուցումն իրականացվում է Վրաստանի ԿԳՆ կողմից հաստատված դասագրքերով, որպեսզի հետո բուհ ընդունվելը հեշտ լինի։ Այդ դասագրքերը Հայաստանում թարգմանվում են հայերեն եւ հետ բերվում Վրաստան։ Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեն՝ անդրադառնալով այն խոչընդոտներին, որոնք ծագում են հայ-վրացական սահմանին՝ հայալեզու գրականություն Վրաստան տեղափոխելու ժամանակ։
Նրա խոսքով, սահմանափակումները վերաբերում են միայն դասագրքերին, ինչը նպատակ ունի հայկական եւ վրացական դպրոցների կրթական ստանդարտների միջեւ ճեղքվածքներ թույլ չտալ։ Խոսելով Վրաստանի հայկական դպրոցների գործունեության մասին՝ դիվանագետը նշել է. "Վրաստանի պետբյուջեից այսօր միջոցներ են հատկացվում հայկական 144 դպրոցների։ Այս տարվանից մի նորամուծություն է մտցվում։ Համաձայն այդ նորամուծության՝ Վրաստանի հայկական դպրոցների շրջանավարտները բուհ ընդունվելու համար հանձնելու են միայն մեկ՝ իրենց մայրենի լեզվով քննություն։ Դրանից հետո նրանք հնարավորություն են ունենալու մեկ տարի սովորել նախապատրաստական ֆակուլտետներում, ինչը նպատակ է ունենալու նրանց վրացերեն սովորեցնել։ Տաբատաձեն ընդգծել է, որ որ եթե Վրասատանի քաղաքացիները ցանկանում են պետության լիարժեք անդամ դառնալ, «ապա պետք է տիրապետեն այն երկրի լեզվին, որում ապրում են»։
Մեկնաբանելով վրացական եւ հայկական մի շարք ԶԼՄ-ների՝ տարածքային տարաձայնությունների մասին հրապարակումները, որոնք վերաբերում են մասնավորապես հայկական Ջավախքին եւ այսպես կոչված «վրացական Լոռիին», դեսպանն ընդգծել է. «Խոսքն իշխանությունների ներկայացուցիչների մասին չէ»։
Վրացի դեսպանը կարծում է, որ տարաձայնությունները երկու հարեւան երկրների միջեւ անխուսափելի են, «սակայն Հայաստանը եւ Վրաստանը պատմականորեն եղբայր պետություններ են, եւ նրանց ներկայիս առաջնորդների հարաբերությունները հրաշալի են»։



























