Գետաձի Մերին, որն ապրել է 56 տարի եւ համարվում էր Եվրոպայի ամենաերկարակյաց գետաձին, սատկել է Կալինինգրադի կենդանաբանական այգում:

Ինչպես «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին է հաղորդել կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Ելենա Գուտաուսկենեն, «գետաձին մահացել է բնական մահով՝ ծերությունից»:

Մերի գետաձին Կալինինգրադի կենդանաբանական այգի է բերվել գերմանական Համբուրգից 44 տարի առաջ՝ 1969թ հունիսին: Նա Եվրոպայի առաջին գետաձին էր, որը կես դարից ավելի է ապրել. վայրի բնության պայմաններում գետաձիերի կյանքի միջին տեւողությունը մոտ 40 տարի է, անազատության մեջ՝ 50:

Կյանքի ընթացքում Մերին ունեցել է 25 փոքրիկ, ինչի համար վերջերս արժանացել է բազմազավակ մոր պատվավոր կոչման: Գետաձին Կալինինգրադի կենդանաբանական այգու խորհրդանիշն է: Մերիի տեղն այժմ զբաղեցնելու է այդ դասին պատկանող ընտանեկան զույգ՝ գետաձիեր Գլյասիկն ու Միլյան: