Միացյալ Նահանգների բնակիչները շուտով, հավանաբար, ստիպված կլինեն նամակ կամ ծանրոց ստանալու համար փոստ գնալ: USA Today պարբերականի փոխանցմամբ, Քալիֆորնիա նահանգից հանրապետական կոնգրեսական Դարել Իսսան առաջարկում է, որ ԱՄՆ փոստային ծառայությունն աստիճանաբար կրճատի փոստի առաքումը: Քաղաքական գործիչն առաջին հերթին առաջարկում է վերացնել շաբաթօրյա առաքման ծառայությունը:
Հաշվարկների համաձայն, ԱՄՆ փոստային ծառայությունն ամեն տարի առաքման համար շուրջ 30 մլրդ դոլար է ծախսում, իսկ միայն անցյալ տարի 15.9 մլրդ դոլարի կորուստ է արձանագրվել: Russia Today-ի փոխանցմամբ, ԱՄՆ փոստային ծառայության եկամուտի ծավալները շարունակ նվազում են. 2006 թվականից, երբ 215 մլրդ միավոր թղթակցություն է առաքվել, առաքումների թիվը 25%-ով կրճատվել է:
ԱՄՆ գլխավոր փոստային կառավարիչ Պատրիկ Դոնահյուն ներկայում զբաղվում է փոխզիջումային որոշման փնտրտուքով, որը թույլ կտա ստեղծված իրավիճակում պահպանել փոստային առաքման գործունեությունը: Փոստատարների ազգային ասոցիացիան, որը 6-օրյա առաքումը դադարեցնելու դեմ էր, հիմա էլ առարկում է «տնետուն» առաքման արգելքի դեմ: Նրանց կարծիքով, այդ ոչ միայն կվնասի իրենց աշխատանքին, այլեւ կխանգարի անկուղնուն գամվածների նամակագրությանը:





























