Նույնիսկ գովազդով լցված Տոկիոյում արդյունավետ գովազդի տեղակայման ազատ վայր կա. աղջիկների սլացիկ ազդրերը: Absolute Territory PR գործակալությունը վարձում եւ առատաձեռն վարձատրում է երիտասարդ չափահաս ճապոնուհիների, ովքեր համաձայն են քաղաքում զբոսնել կարճ կիսաշրջազգեստով եւ զուգագուլպաներով՝ իրենց ազդրի ժամանակավոր գովազդային դաջվածքն առավելագույնս արդյունավետ ցուցադրելու համար:
«Սա գովազդի կատարյալ տարբերակ է, քանի որ տղամարդիկ ակտիվորեն դիտում են աղջիկների ազդրերը, իսկ վերջինները դեմ չեն ցուցադրել դրանք»,- The Guardian-ի հետ զրույցում ասել է գործակալության տնօրեն Հիդենորի Ատսումին:
Ի դեպ, ազդրի այն հատվածը, որտեղ գովազդատուները պատրաստվում են հայտարարություն տեղադրել, ճապոներենում նշանակում է «բացարձակ տարածք»: BosrInno-ի փոխանցմամբ, այդ կերպ էլ բացատրվում է գործակալության՝ Absolute Territory անվանումը:
Փորձին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ավելի քան 3.000 աղջիկներ եւ կանայք: Ըստ NEWSru.com-ի, կենդանի գովազդային վահանակի թեկնածուները պարտադիր պետք է սոցիալական ցանցերում ակտիվ լինեն, 20-ից ոչ պակաս ընկեր ունենան, պատրաստ լինեն լուսանկարվել գովազդային դաջվածքներով եւ դրանք տեղադրեն համացանցում:





























