Չնայած որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները առաջացրին քաղաքացիական հասարակության որոշակի անհանգստությունը, առաջին հերթին հենց Սփյուռքում, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջնորդվող ընդդիմադիր ուժերի արձագանքը Հայաստանի իշխանությունների այս նախաձեռնության նկատմամբ ամբողջությամբ բացասական չէր։ Գրում է The Armenian Mirror-Spectator պարբերականը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը ընդունել է, որ արձանագրությունների մեջ չկան Հայաստանի սահմանադրությանը հակասող դրույթներ եւ նրանք արդեն քննարկվում են խորհրդարանում։ Սակայն նույնը չեղավ նաեւ Թուրքիայում, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի տեսակ սառնությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձություններով պայմանավորված, Անակարային ծանր դրության մեջ է դրել։ Թուրքիան ներքին ճգնաժամի առջեւ է կանգնած։ Զինված ուժերի ներկայացուցիչները, որոնք միշտ որոշել են երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, հարցաքննության են կանչվել ներկայիս իշխանությունների կողմից։ Նախկին քաղաքական ուղեգծի առաջնորդները հեռացել են ավանդույթներից, որոնք ստեղծվել էին նախորդ տասնամյակների ընթացքում։ Աշխարհիկ իշխանությունը պահող սկզբուքներին փոխարինելու եկավ կրոնական տարրը, ինչի արդյունքում Թուրքիան փորձում է իր հարաբերությունները կարգավորել մահմեդական աշխարհի հետ, եւ առաջին հերթին՝ Իրանի եւ Սիրիայի հետ։ Արդյունքում, Թուրքիան մի կողմից արհամարհում է իր ռազմական եւ տնտեսական կապերը Իսրայելի հետ, մյուս կողմից՝ Արեւմուտքի հետ։ Քաղաքական այսպիսի տեղաշարժը նպաստում է ոչ միայն տարածաշրջանում Ռուսաստանի դերի մեծացմանը, այլեւ մահմեդական ծայրահեղական շարժման ընդլայնմանը։ Այս իրավիճակում Թուրքիան կանգնած է հետեւյալ պատմական հարցի առջեւ. պե՞տք է արդյոք նա հավատարիմ լինի վերջին տարիներին որդեգրած քաղաքական ուղեգծին, թե՞ պետք է վերադառնա արեւմտյան հարաբերությունները խրախուսելու ավանդական քաղաքականությանը։
Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարելի է ենթադրել, որ Թուրքիան չի ցանկանում վավերացնել արձանագրությունները, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայոց ցեղասպանության հարցերը ներկայացված չեն որպես նախապայման։ The Armenian Mirror-Spectator -ի հոդվածի հեղինակը կարծում է, որ հենց դրա մեջ է հայկական դիվանագիտության հաջողությունը։



























