Անցած հանգստյան օրերին լեհական Կրակով քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունից հետո միջազգային միջնորդների վարքում նոր միտումներ են նկատվել, որոնք հակիրճ կարելի է համարել կամակոր Ադրբեջանի սանձերը որոշակի չափով ձգելու փորձեր։ Պաշտոնական Բաքվի ապակառուցողական դերը երբեք ոչ մեկի համար գաղտնիք չի եղել, սակայն մոսկովյան վերջին հանդիպումների ընթացքում այն էլ ավելի ակնհայտ է դարձել։

Եվ ահա այժմ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության լույսի ներքո պատրաստել են մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, նրանց մնացել է զբաղվել միայն կողմերին համոզելով։ Մոսկովյան հանդիպումից հետո ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Միջնորդները, հատկապես ամերիկացի համանախագահը, չէին թաքցնում իրենց հիասթափությունը։ Սակայն արդեն մի քանի օրից կրկին սկսեցին հնչել լավատեսական հայտարարություններ, որոնք բխում էին փաստաթղթի արդեն նորացված տարբերակից։ Համանախագահները ակնհայտորեն ելնում են այն բանից, որ բանակցային գործընթացի մասնակիցները, ի վերջո, չեն կարող չստորագրել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, քանի որ հակամարտությունը լուծելու կոչով են հանդես եկել համաշխարհային աշխարհաքաղաքական հիմնական դերակատարները։

Ինչպես միշտ, լրագրողների համար առավել բացն ու անկեղծը Մեթյու Բրայզան էր։ Հենց վերջինիս արտահայտություններն են թույլ տալիս եզրակացնել, որ ներկայումս գլխավոր խնդիրը Ադրբեջանի իշխանությունների կամակորությունն է։ Բնականաբար, դա չհայտարարվեց բացեիբաց, սակայն զգացվում է Բրայզայի խոսքերից։ Առաջին հերթին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններին՝ ցուցաբերած կառուցողական մոտեցման համար, որի շնորհիվ էլ սկզբում կարողացավ լույս աշխարհ գալ այսպես կոչված մադրիդյան փաստաթուղթը, իսկ հետո արդեն զգալի առաջընթաց գրանցվեց բանակցություններում։ Վերոհիշյալ հարցազրույցում անմիջապես աչքի է զարնում հայկական կողմի կառուցողական դերն ընդգծելու ձգտումը։ Եվ թեպետ շնորհակալական խոսքեր թեթևակի հնչեցին նաև Ադրբեջանի ղեկավարության հասցեին, սակայն դրանք ավելի շատ մշտապես, այդ թվում և ներկայիս փուլում, կամակոր դիրքորոշման անթույլատրելիության վերաբերյալ պաշտոնական Բաքվին նախազգուշացնելու փորձեր էին հիշեցնում։

Երկրորդ, արդեն NEWS.am-ին տված հարցազրույցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ նույն Մեթյու Բրայզան լիովին միանշանակորեն արտահայտվեց Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կայանալիք հանրաքվեի մասին։ Նրա բառերից միանշանակորեն պարզ դարձավ, որ խոսքը հենց հանրաքվեի մասին է, որը, ինչպես և մենք ենթադրում ենք, ադրբեջանական կողմի քմահաճույքների պատճառով մադրիդյան փաստաթղթում անվանվել է «օրինական կամարտահայտություն»։ Եթե ողջ վերոշարադրյալին ավելացնենք այն հանգամանքը, որ հայկական կողմը, ըստ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, մի քանի օր առաջ գործնականում նշել է զիջումների սահմանային մակարդակը (անվտանգության գոտու 7 շրջանները Ղարաբաղի անկախության կարգավիճակի դիմաց), ապա միակ խոչընդոտը ներկայումս մնում է հայկական կողմի այդ սահմանային մակարդակը ընդունելու և փոխարենը Լեռնային Ղարաբաղի կորստի հետ ընդմիշտ հաշտվելու Ադրբեջանի իշխանությունների համաձայնության բացակայությունը։

Եթե, իհարկե, մինչև այդ պահը Ադրբեջանի քրոնիկ կամակորությունը չհանգեցնի հայկական կողմի դիրքորոշման լիակատար խստացման, որը կարող է առաջ գալ նաև քաղաքական այն ուժերի ու շարժումների ջանքերով, որոնք ընդհանրապես բացառում են տարածքային զիջումների հնարավորությունը։