Հայաստանը երբեք խնդիրներ չի ունեցել ՆԱՏՕ-ի հետ՝ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության պատճառով։ Մարտի 11-ին Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանը նույնպես երբեք դեմ չի եղել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը։ Մկրտչյանը նշեց, որ Հարավային Կովկասի երկրները համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ Քուռ գետի էկոլոգիական մոնիտորինգի շրջանակներում, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։ «Երկու երկրների պաշտպանության նախարարությունների փոխգործակցության հիանալի հնարավորություն են տալիս ՆԱՏՕ-ի սեմինարները»,-նշել է նա։ ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային գործընթացներին, եւ նպաստում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Նշենք, որ Հայաստանը Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի հետ մեկտեղ ՀԱՊԿ անդամ է։