Եթե մարդը ոչ մի կերպ չի կարողանում քնել, հնարավոր է՝ նրա օրգանիզմում մագնեզիումի պակաս կա: Live Science-ի փոխանցմամբ, այս տարրը կարգավորում է քնի ռեժիմը: Այդ պատճառով անքնությունը մագնեզիումի պակասի առաջին նախանշաններից է, ինչը նաեւ դեպրեսիայի եւ հոգեբանական խնդիրների վտանգ է պարունակում: Մագնեզիում են պարունակում տերեւավոր բանջարեղենը, դդմի կորիզը, քունջութը, բրազիլական ընկույզը, ոսպը, ձուկը:
Երբ մարդը գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է, պետք է ստուգի կալիումի մակարդակը: Շատ կալիում կա բանանում (օրական չափաբաժնի շուրջ 10%-ը), լոբազգիներում, տերեւավոր բանջարեղենում, խորովված կարտոֆիլում եւ ավոկադոյում:
Ամբողջ օրվա ընթացքում հոգնածություն զգալու դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել D վիտամինի պակասին: Այս տարրը սինթեզվում է արեւի ճառագայթների ազդեցությամբ: Եթե արեւային լոգանք ընդունելու հնարավորություն չկա, կարելի է սննդակարգում ներառել թրաձուկ, սաղմոն, թյունոս եւ վիտամիններով հարուստ սննդամթերք: Սակայն միայն սնունդը բավարար չէ: Այդ պատճառով, ըստ MedDaily.ru-ի, անհրաժեշտ է ընդունել կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումներ:





























