Ամենից հաճախ մարդը որոշում է կայացնում այլ երկիր տեղափոխվել, քանի որ կարծում է, որ այնտեղ ավելի բարեկեցիկ կյանքով է ապրելու, հետեւաբար՝ ավելի երջանիկ է լինելու: Մի խումբ հետազոտողներ անդրադարձել են այս խնդրին եւ հետաքրքիր արդյունքներ ստացել:

Պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում արտագաղթը երջանկություն չի պարգեւում, ընդ որում՝ ամենավատ ցուցանիշները գրանցվել են լեհերի մոտ, որոնք Արեւմտյան Եվրոպա են տեղափոխվել:

Սոցիոլոգները համեմատել են երջանկության ցուցանիշները նրանց մոտ, ովքեր արտագաղթել են եւ նրանց մոտ, ովքեր մնացել են իրենց հայրենի երկրներում:

Նրանք որոշում են կայացրել որպես երջանկության ցուցանիշներից մեկը վերցնել եկամուտի մակարդակը եւ այն, թե ինչպես է վաստակն անդրադառնում երջանկության ներքին զգացողության վրա: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

Հետազոտության հիմնական եզրակացությունն այն է, որ, ընդհանուր առմամբ, նրանք, ովքեր Արեւելյան Եվրոպայից փոխադրվել են Արեւմտյան Եվրոպա, նկատելիորեն չեն երջանկացել: Սակայն մի նրբություն կա: Մեծ նշանակություն ունի այն, թե որ երկրից են մարդիկ արտագաղթել:

Սակայն արդյունքները հարաբերական բնույթ են կրում, քանի որ յուրաքանչյուրն ունի երջանկության սեփական զգացումը, որի վրա ազդում են բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ: