Հայաստանի կառավարությունը մարտի 11-ի նիստում մերժել է «Միջազգային պայմանագրերի» մասին օրենքում լրացումներ կատարելու «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներիօրենսդրական նախաձեռնությունը։
Ինչպես հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, առաջարկվել էր օրինագծում երեք նոր կետեր մտցնել, որոնցից մեկի համաձայն՝ միջազգային պայմանագրերը կարող են անվավեր համարվել մինչեւ ուժի մեջ մտնելը։
Քոչարյանը հայտնել է, որ այդ հարցը Հայաստանի ԱԺ կողմից փետրվարի 25-ին ընդունված «Միջազգային պայմանագրերի» մասին օրենքով արդեն իսկ լուծված է։
Մեկ այլ փոփոխությամբ ՀՅԴ առաջարկում է միջազգային պայմանագրերում վերապահումներ անելու իրավունք տալ խորհրդարանին, եւ մինչեւ պայմանագրի ուժի մեջ մտնելը կանգնեցնել գործընթացը։
Պատգամավորների երրորդ առաջարկությունը, ինչպես նա է հստակեցրել, այն է, որ առանձնացվեն դեպքերը, որոնց հիման վրա հնարավոր կլինի դադարեցնել կամ կիրառել վերապահումները։
Փոխարտգործնախարարը նշել է, որ համաձայն Վիեննայի կոնվենցիայի՝ Հայաստանն այդ իրավունքը չունի։


























