Գիտնականները հանգել են եզրակացության, որ շշալցված ջրի օգտագործման հետեւանքով առաջացող վնասը գերազանցում է օգուտը: Քիմիական անալիզի արդյունքում պարզվել է, որ նման ջուրը մեծ քանակությամբ ախտահանիչ միջոցներ, դեղագործական նյութեր եւ այլ քիմիկատներ է պարունակում: InFuture-ի փոխանցմամբ, բոլոր այս նյութերը կարող են նշանակալի վնաս հասցնել առողջությանը, երբեմն նույնիսկ ավելի, քան ծորակի ջուրը:

Ավելի վաղ գիտնականներն արդեն բացահայտել էին, որ նման ջրում ամենամեծ վտանգը ներկայացնում է A-բիսֆենոլը, որն օգտագործվում է պլաստիկի արտադրության ժամանակ: Այս նյութ անջատվում է, օրինակ, պլաստիկի տաքացման հետեւանքով: ԱՄՆ-ում անցկացված ուսումնասիրության արդյունքում A-բիսֆենոլ է հայտնաբերվել հետազոտության մասնակիցների 95%-ի մեզում՝ ներառյալ երեխաներն ու հղի կանայք: Այս մասին տեղեկացնում է «РБК Daily»-ն:

Ավստրալական կաթոլիկ համալսարանի թունաբանության պրոֆեսոր Քրիս Ուինդերի խոսքով, կենդանիների վրա անցկացված գիտափորձի արդյունքում պարզվել է, որ A-բիսֆենոլը կարող է առողջական մի շարք խնդիրների առաջացման պատճառ դառնալ, այդ թվում` նպաստել վերարտադրողական համակարգի, վահանագեղձի, կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խանգարմանը:

Շշալցված ջրի նշանակալի թերություններից է նաեւ դրա բարձր գինը. միջինում այն սպառողին է հասնում գրեթե հարյուր անգամ ավելի թանկ, քան ծորակի ջուրը: Բացի այդ, պլաստիկ շշերի արտադրությունը նպաստում է շրջակա միջավայրի աղտոտմանը. շշալցման համար տարեկան շուրջ 1.5 մլն տոննա պլաստիկ է արտադրվում: