Այս շաբաթվա վերջին Իտալիայում անսովոր տապ է. «Հարոն» անունով  հակացիկլոնը Ալժիրից եւ Մարոկոյից շիկացած օդի հսկայական զանգված է բերել Ապենիններ: Շատ վայրերում օդի ջերմաստիճանը հասել է 40-ի:

Առողջապահության նախարարության կայքում տեղադրված հատուկ տեղեկանքի համաձայն՝ վտանգի «կարմիր» (բարձրագույն) մակարդակ է գրանցվել իտալական 8 խոշոր քաղաքներում՝ Գենոայում, Բոլոնիայում, Բոլցանոյում, Վերոնայում, Պերուջայում, Տրիեստեում, Թուրինում եւ Ֆլորենսիայում:

Շաբաթ օրը դրանց կհավասարվեն Բրեշիան եւ Հռոմը, որոնք առայժմ «նարնջագույն» մակարդակում են:

Ռեկորդային ջերմաստիճանները խոնավության բարձր մակարդակով են ուղեկցվում, ինչը շատ վայրերում օդը հեղձուցիչ է դարձնում:

Ըստ օդերեւութաբանների՝ տապի գագաթնակետը կիրակի եւ երկուշաբթի կլինի, երբ Սիցիլիայի, Կալաբրիայի եւ Ապուլիայի մարզերում ու Հռոմում, Ֆլորենսիայում եւ Բոլոնիայում օդի ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ումբրիայի իշխանություններն արդեն մինչեւ երկուշաբթի արտակարգ դրություն են հայտարարել անբնական շոգի պատճառով: Իտալիայի առողջապահության նախարարությունը ժողովրդին իրազեկում է շոգի վտանգի մասին, գործում է տեղեկատվական անվճար 1500 հեռախոսահամարը, որով մասնագետները պատասխանում են քաղաքացիների հարցերին:

Դատելով ամեն ինչից՝ օգոստոսի առաջին շաբաթն Իտալիայում վերրջին 10 տարվա ամենաշոգ շաբաթը կլինի: Ի դեպ, 2012թ. եւս «Հարոն» հակացիկլոնը  հուլիսի 2-ին շիկացած օդային զանգված էր բերել Հյուսիսային Աֆրիկայից, ջերմաստիճանը կրկին հասել էր 40 աստիճանի: