Վերջին մեկ տարում Հայաստանում նկատվում է բլոգոսֆերայի աշխուժություն՝ նախորդ երկու-երեք տարիների հետ համեմատած։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «ՆեոՄեդիա» նախագծի համահեղինակ եւ համաադմինիստրատոր Վարդան Պապիկյանը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում Հայաստանում ավելացել է բլոգների քանակը, ինչպես նաեւ լավացել է դրանց որակը։

«Առաջ բլոգները հիմնականում քաղաքականացված էին, ապա վերջին ժամանակներում աշխուժություն է նկատվում նաեւ այլ թեմաներով բլոգների շրջանում»,- ասաց Պապիկյանը՝ ավելացնելով, որ նոր թեմաները վերաբերում են ամենատարբեր ոլորտներին՝ գիտություն, մշակույթ, անգամ՝ զվարճանք։

Ըստ Պապիկյանի՝ եթե նախկինում անհատական բլոգները ստեղծվում էին Livejournal-ի կամ Wordpress-ի կայքերում, ապա այժմ սկսել են կարեւորել անհատական դոմեյնով բլոգ ունենալը։

Վ. Պապիկյանի տեղեկացմամբ, այժմ Հայաստանում կան մոտ 3000-ից ավել ակտիվ բլոգերներ։