Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը Հարավային Կովկասի երկրներ եւ համոզմունք հայտնել, որ նրանք հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ առկա խնդիրներին:
Ժոաո Սոարեշը ընդգծել է ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցությունը խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը եւ նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի հարցը լուծվի, նա ասել է, որ այդ հարցում բավական խիզախություն է պահանջվում, եւ պահն է, որ լուծումներ գտնվեն:
Հովիկ Աբրահամյանը, բարձր գնահատելով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադության կենտրոնում պահելու փաստը եւ Գորան Լենմարկերի դերակատարությունն այդ գործընթացում, շեշտել է, որ ՀՀ նախագահը տարածաշրջանային խնդիրները, հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է նախաձեռնել: «Մեզ համար ամենակարեւորը ԼՂ կարգավիճակն ու ԼՂ ժողովրդի անվտանգությունն են»,- ասել է Հ. Աբրահամյանը, հավելելով, որ ԼՂ խնդրի կարգավորման հիմքը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է, եւ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, իսկ այդ երկիրը ստորագրված արձանագրությունների վավերացումը կապում է ԼՂ հիմնահարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ: «Մենք արձանագրությունները կվավերացնենք այն ժամանակ, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- ասել է նա:



























