«Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը մասնակից դառնա ընթացող բանակցություններին, այնքան լավ»,- այսօր մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, սակայն քիչ անց նրա խոսքից պարզ դարձավ, որ դա այնքան էլ մոտ ապագայի խնդիր չէ:
Նրա խոսքով, նախ, ԼՂ մասնակցություն ասելով չպետք է հասկանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ այն ճանաչված պետություն չէ որեւէ երկրի կողմից: Ֆրանսիացի համանախագահը նշեց, որ շատ արդար է, որ ԼՂ բնակչությունը նույնպես ցանկանում է մասնակից լինել այն բանակցություններին, որոնք շոշափում են իր կենսական շահերը, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ԼՂ բոլոր բնակիչները, այդ թվում նրանք, ովքեր ապրում էին այդ տարածքում նախքան հակամարտությունը, վերադառնան իրենց նախկին բնակավայրերը:
«Երբ մարդիկ խաղաղության մեջ կապրեն եւ իրար հարեւաններ կհամարեն, եւ այն մարդիկ, ովքեր նախկինում ապրում էին այնտեղ, վերադառնան, այդ ժամանակ, ակնհայտ է, որ նրանք իրավունք ունեն պահանջել, որպեսզի մասնակցեն բանակցություններին»,- ասաց Ֆասիեն ու հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի եւ Հայաստանը եւ Ղարաբաղը:
«Ինչ-որ պահի ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից եւ հիմա հակամարտության երկու կողմերը պետք է համաձայնեն, որ նա վերադառնա: Կգա մի օր, երբ ղարաբաղցիները ավելի խորը մասնակցություն կունենան բանակցություններին: Լավ կլինի, եթե դա շուտ լինի»,- խոսքն ամփոփեց ֆրանսիացի համանախագահը:



























