Երեւանում հանրային տրանսպորտի 5 եւ 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն որեւէ կապ չունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա աներորդի ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ, իսկ այդ մասին տարածված խոսակցությունները ապատեղեկատվություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Նրա խոսքով՝ միայն զուգադիպությամբ են այդ անունները համընկնում, ուրիշ ոչ մի բան:
Հարցին, թե ինքը հետաքրքրվե՞լ է, թե ում է պատկանում այդ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, նա պատասխանեց. «Չէ, չեմ հետաքրքրվել, պետք չի, որ հետաքրքրվեմ: Գիտեմ, որ դա իմը չի եւ վերջ»:
Ռոբերտ Սարգսյանի խոսքով՝ եթե անգամ այդ հարցով էթիկայի հանձնաժողով են դիմելու, ոչ ինքը, ոչ Տարոն Մարգարյանը միանշանակ մտահոգվելու խնդիր չունեն:
Դիտարկմանը, թե ինչպես կբացատրի «Ռոբերտ-Տարոն» անվանումների զուգադիպությունը, նա ասաց. «Դա ինչ կապ ունի: Տարոն նահանգ էլ կա: Ռոբերտո կոշիկի ֆաբրիկա էլ: Հիմա, եթե անունները համընկնում են, նշանակում է մե՞րն է»: Հարկ է նկատել, որ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում նշված է, որ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ հիմնադիրը հենց ինքը ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն է:





























