Առավելագույնը սեպտեմբերին զանգվածային պայքար է սկսելու, որի 9-րդ ալիքը վերջապես պատմության աղբանոցն է նետելու այն ինչը գարշելի է եւ առաջին հերթին «լիսկայությունը»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Սյունիքում իրավիճակ է փոխվում, ավելին սյունեցիները ցանկանում են ստորացուցիչ կյանքին վերջակետ դնել եւ ապավինելով Հայկյան ոգուն առաջին պլան մղել արժանապատվությունը, այլեւս անհնար համարելով նման ապրելակերպը: «Խոսքս չի վերաբերում միայն Սուրեն Խաչատրյանին, միայն նրա բանդայի անդամներին: Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության իշխանության քրեականացման գարշելի երեւույթին, որը ավելի մեծ վնաս է պատճառել մեր հայրենիքին, քան արտաքին թշնամիները»,- նշեց Գորիսի նախկին քաղաքապետը:
Նա ընդգծեց, որ վերջին 51 օրերին մի քանի տասնյակ ծանրագույն, աղաղակող փատարկներ է ներկայացել, որոնք հեղինակել է Սուրեն Խաչատրյանը, սակայն «մեր իրավապահ համակարգը հանցավոր անգործություն է դրսեւորում»:
«Միգուցե այդ փաստերը քիչ են եղել: Առաջիկայում նորերը կլինեն: Սա 23 տարվա անգործությունն է՝ հանդեպ մեր ժամանակների հակահերոս, խոշորամասշտաբ հանցագործներից մեկի՝ Լիսկայի: Մինչեւ այսօր նա ոչ միայն արժանի պատիժ չի կրել, այլեւ շարունակում է ազատության մեջ մնալ եւ ամեն ինչ անել, որ օր առաջ պատասխանատվությունից ազատի իր մարդասպան որդուն, թիկնապահին եւ այլն: Բայց ես այն կարծիքին եմ, որ հունիսի 1-ի հանցագործությունը հեղինակել է ինքը»,- կարծիք հայտնեց Սամվել Հարությունյանը եւ հերթական անգամ համոզմունք հայտնեց, որ աշնանը իրավիճակ է փոխվելու:





























