Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի դերի նվազեցումը պայմանավորված է այդ երկրում հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա համոզմամբ՝ Բաքուն այդ քայլով պարզապես ուզում է նախապես ապահովագրել իրեն ԵԱՀԿ-ի քննադատությունից եւ նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածներում այդ կազմակերպության սեւեռեւն ուշադրությունից:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում ԵԱՀԿ գրասենյակն ստացել է նախագծերի համակարգողի կարգավիճակ: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ որոշումը կայացվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ, կազմակերպության անդամ-երկրների միջեւ կոնսենսուսի շրջանակներում:

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագծերի համակարգողի նոր մանդատը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից: Այն մեծ փոփոխություններ չի առաջացնի, այդ մանդատի շրջանակներում գրասենյակը կշարունակի Ադրբեջանում ծրագրեր իրականացնել: Գրասենյակի ղեկավարը կդառնա Ադրբեջանում ծրագրերի համակարգող:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը ադրբեջանական կողմը դիմել է ԵԱՀԿ՝ առաջարկելով վերանայել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը: