«Երեւանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ին Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ:
«Այցելելով բուժհաստատություններ՝ մենք տեղում մեկ անգամ եւս ծանոթանում ենք առկա հնարավորություններին ու պայմաններին եւ, ըստ այդմ էլ, բաշխում ենք անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում մատուցվող ծառայությունները»,- նշել է Դավիթ Օհանյանը:
Երեւանի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում կընտրվեն այնպիսի ծառայություններ, որոնք առավել պահանջված են բնակչության կողմից. «Վարչական շրջաններում սահմանված բնակիչների ընդունելության օրերի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցերի ժամանակ եւս բնակչության կողմից բարձրացվող հարցերի մեծ մասը վերաբերել են առողջապահական խնդիրներին: Մենք ուսումնասիրել ենք նաեւ Երեւանի քաղաքապետարան եւ վարչական շրջաններ ուղղված բնակիչների դիմումներն ու նամակները, եւ դրանց համապատասխան կընտրվեն բժշկական այնպիսի ծառայություններ որոնց կարիքն այսօր մեր բնակիչներն առավել շատ ունեն»,- նշել է Դավիթ Օհանյանը:
Օգոստոսի 1-31-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մեկնարկող անվճար ակցիայի շրջանակում բնակիչներին բուժօգնություն կմատուցվի սրտանոթային հիվանդությունների, գինեկոլոգիական ծառայությունների եւ մի շարք այլ հիվանդությունների մասով: Ակցիայի շրջանակում կիրականացվեն ինչպես հետազոտություններ, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, վիրահատություններ:





























