Այդ 12 տարին, որ մեղադրող կողմն ուզել է Վարդան Սեդրակյանի համար համակցության մեջ մնացածների հետ համեմատած, այլ կերպ ասած, նշանակում է «Սեդրակյան ջան, կներես, մենք քո դեմ բան չունենք, բայց ոնց լինի մի բան պետք է ուզենք»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

«Եթե կազմակերպիչի համար ուզում են ամենաքիչ պատիժը, քան այն վարորդի համար, որն իբր դալանի մոտ նստել է մեքենայի մեջ, դա արդեն աբսուրդ է: Դա նշանակում է մեզ ասում են. «Սեդրակյան ջան, Սիրունյան ջան, մի բան պետք է ուզեինք, որովհետեւ գիտեինք, որ գործը գործ չի»: Եթե այս լոգիկան է, ապա Սեդրակյանի համար պետք է ուզեին 15 տարի, որ Խաչիկի համար ուզեին 14,  իսկ Սամվելի համար 12: Հիմա, ո՞նց բացատրես, որ եթե պատվիրատուն Սեդրակյանն է ու իր համար ուզում եք 12 տարի, Սամվելի համար ո՞նց եք ուզում 13 տարի, ով գործի նյութերով ընդամենը վարորդն է»,- նշեց փաստաբանը: 

Նրա  դիտարկմամբ, եթե գործը նման տրամաբանությամբ է գնում, իրենք Վարդան Սեդրակյանի նկատմամբ չպետք է տարածեին սպանության փորձը, որովհետեւ սպանությունը, իրենց տրամաբանությամբ, ձախողվել է Սեդրակյան կամքից անկախ:

«Իրենք հաշվարկը պետք է տանեին 12-20 տարի, ոչ թե 12-15 տարի: Դա էլ մյուս աբսուրդն է: Դե մենք գիտենք, որ գործը գործ չի ուզում ես 4.5 ուզի»,- նկատեց փաստաբանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին, նա նշեց, որ առայժմ միայն կարող է ասել, որ պաշտպանական ճառի վրա են աշխատում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունում պետական մեղադրող Արամ Ամիրզադյանը հուլիսիի 29-ին պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել որպես էպոսագետ հայտնի՝ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, ով մեղադրվում է սպանությունը պատվիրելու մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտել մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանին, եւ 14 տարվա ազատազրկման՝ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանին: