Վերաքննիչ դատարանում, այսօր` հուլիսի 29-ին, սկսվեց 2000թ-ին բանակում մահացած 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը։ Նշենք, որ թե Արտակ Նազարյանի իրավահաջորդը, թե ինքնասպանության հասցնելու համար ազատազրկման դատապարտված կապիտան Հակոբ Մանուկյանի փաստաբանը բացարկ ներկայացրեցին զինվորական դատախազ Հարություն Հարությունյանին, սակայն դատավոր Գրիշա Սարգսյանը մերժեց կողմերի բողոքը:
Դատական նիստը կշարունակվի հուլիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Ս. Մարդանյանի նախագահությամբ, կայացրել էր դատավճիռ՝ հինգ ամբաստանյալներին՝ Արտակ Նազարյանի նախկին ծառայակիցներին մեղավոր ճանաչելով նրանց մեղսագրվող արարքների համար, որոնք ըստ զինդատախազության եւ դատավորի գնահատման, Ա. Նազարյանին «հասցրել են ինքնասպանության»: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, եւ 2 տարվա ազատազրկման՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան: Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում:





























