Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է: Դա ենթադրում է, որ պետք է լինի ղարաբաղյան կողմի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, որ Ղարաբաղը կարողանա ներկայացնել իրեն հուզող բոլոր հարցերը: Այդ մասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 12-ին, Երեւանում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը, որը նախատեսված մեկ ժամից մի փոքր ավելի տեւեց:
Հանդիպումից հետո Սոարեշն արագորեն լքեց ներկայացուցչության շենքը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, իսկ Աշոտ Ղուլյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ «շատ օգտակար հանդիպում է կայացել»:
«Պարոն Սոարեշի հետ հասցրել ենք խոսել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, ներքին, արտաքին իրավիճակների շուրջ, ներկայացրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր մոտեցումները»,- նշեց Ղուլյանը:
Աշոտ Ղուլյանը նշեց, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ խոսվել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին: Աշոտ Ղուլյանը եվրոպացի պաշտոնյային հայտնել է, որ հակամարտության սկզբից առ այսօր Ադրբեջանի դիրքորոշման մեջ որեւէ սկզբունքային փոփոխություն չի տեսնում: «Բնականաբար սպառնալիքները, պատերազմի կոչերը, դիտարկում ենք որպես թշնամական գործողություններ»,- նշեց Ղուլյանը:
ԼՂՀ ԱԺ նախագահը հայտնեց նաեւ, որ Ժոաո Սոարեշը խոստացել է հաջորդ անգամ ժամանել Ղարաբաղ:



























