Նյու Յորքում McDonald's, Burger King եւ Wendy's արագ սնունդի ցանցերի հաստատությունների աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել, փոխանցում է Associated Press-ը:

Գործադուլի մասնակիցները պահանջում են, որպեսզի նվազագույն ժամավճարը 7,25 դոլարից հասցվի 15 դոլարի: Բացի այդ, նրանք պահանջում են, որպեսզի արագ սնունդի կետերի աշխատակիցներին թույլ տան աշխատանքային միություններ կազմել:

Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ Նյու Յորքում մեկօրյա գործադուլին մասնակցում են ֆասթֆուդի ցանցերի հարյուրավոր աշխատակիցներ: Համանման ակցիաներ ծրագրվում է անցկացնել ԱՄՆ մյուս քաղաքներում ևս, փոխանցում է Lenta.ru-ն:

Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ ժամավճարն ավելացնելով՝ նոր աշխատատեղեր կստեղծվեն դեռահասների եւ այն մարդկանց համար, ովքեր նախկինում չեն աշխատել, ինչն էլ կօգնի ԱՄՆ տնտեսությանը ավելի արագ հաղթահարել ռեցեսիան:

Burger King-ի եւ Wendy's-ի մամուլի ծառայությունում Associated Press-ին հավաստիացրել են, որ պահպանում են իրենց աշխատակիցների իրավունքները: McDonald's-ի պաշտոնական ներկայացուցիչները մեկնաբանություններ անելուց հրաժարվել են: