Պատմության մեջ առաջին անգամ չէ, որ հայերը մոտ են կանգնած 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների իսկության հաստատմանը։ Թուրքիան այդ պատճառով կատաղած է, իսկ Միացյալ նահանգները փորձում է թեթեւացնել ճնշումը։ Գրում է The Economist -ը։

Բրիտանական հեղինակավոր պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սառնությունն ավելի մեծացավ, քան նախորդ տարիներին էր։ Եւ դա համընկավ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի եւ նրանց գլխավոր գործընկեր Թուրքիայի միջեւ ահագնացող խնդիրների ընթացքում։ Վերջինս ամեն կերպ ընդդիմանում է պատժամիջոցներին, որն ուզում է ԱՄՆ կիրառել Իրանի նկատմամբ։ Թուրքիաում էլ, իր հերթին, գնալով ահագնանում են հակամերիկյան տրամադրությունները, քանի որ շատերը կասկածում են, թե Օբաման շարունակում է հավատարիմ մնալ այն կարծիքին, թե Հայոց ցեղասպանություն իրոք եղել է։

Այնուհետեւ The Economist-ը գրում է, որ Թուրքիան այս իրադարձությունների համատեքստում հնարավոր է ետ՝ Վաշինգտոն, ուղարկի իր դեսպանին, որին կանչել էր Անկարա, իսկ ԱՄՆ նախագահի վարչակազմը ոչ մի ջանք չի խնայի որպեսզի խոչընդոտի վերոնշյալ բանաձեւի ընդունումը Կոնգրեսում, որպեսզի խուսափի Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից։

The Economist-ը նաեւ հարց է տալիս. «Կկարողանա՞ն արդյոք այս խառնաշփոթ ողբերգության դերասանները բարելավեն սցենարը», եւ ներկայացված հարցին հետեւյալ կերպ է պատասխանում, "Մի հիասքանչ օր Թուրքիայի առաջնորդը կդառնա բավականաչափ որակավորված քաղաքական գործիչ, որպեսզի հասկանա, որ ազգային արժանապատվությունը պահանջում է մեղքերի ճանաչում, ընդունում։ Այդ առաջնորդը Հայաստանի հետ հարաբերությունները չի կապի Օսմանյան Թուրքիայի պատմության հետ։ Թեեւ հարկ է նշել, որ ներկա պահին Անկարայի փաստարկներ ավելի շատ առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, քան 1915 թվականի իրադարձություններին։

Պարբերականը հետեւյալ եզրակացություններն է անում. "Եթե Թուրքիան լիներ բռնապետական պետություն, ապա իմաստ չէր լինի խոսել այս ամենի մասին։ Սակայն քանի որ այն ժողովրդավարական պետություն է , թեեւ շատ անկատար, ապա թուրքերը պետք է կենտրոնանան իրենց անցյալի հետ դեմ առ դեմ հանդիպելու հնարավորության վրա։ Իսկ հայերը փոխանակ թուրքերին ուղղություն ցույց տան, պետք է Անկարային դրդեն պատմական փաստերի ուսումնասիրությամբ զբաղվել, որպեսզի վերջ դրվիի Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածին (այս հոդածով պատասխանատվության են ենթարկվում Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր 1915 թվականի իրադարձությունները անվանում են ցեղասպանություն, խմբ.)։