Նիգերիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Բակո հարամ» ծայրահեղական խմբավորման ավելի քան 40 իսլամիստների, հաղորդել է նիգերիական ոստիկանության ներկայացուցիչը:

Կազմակերպության գրոհայինների ձերբակալությունները իրականացվել են Նիգերիայի հարավ-արեւմուտքում՝ Լագոս եւ Օգուն նահանգներում: Ռազմական հետախուզության ստացած տվյալների համաձայն հաստատվել է, որ նրանք երկրի հյուսիսում տեղի ունեցած հանցագործությունների մասնակից են: Այս տարվա մայիսի 14-ին նախագահ Գուդլաք Ջոնաթանը արտակարգ իրավիճակ է հայտարարել մի քանի նահանգներում: Բանակի եւ ոստիկանության համատեղ ուժերը ահաբեկիչների ոչնչացման լայնածավալ գործողություններ են իրականացնում մի շարք տարածքներում:

Երկուշաբթի օրը իսլամիստները մի շարք պայթյուններ են իրականացրել երկրի հյուսիսում տեղակայված Կանո քաղաքում: Դրանց արդյունքում զոհվել է 15 մարդ: Կիրակի օրը «Բոկո հարամի» գրոհայինները Չադ լճի ափին տեղակայված Բագա բնակավայրում ինքնաձիգերից գնդակահարել են 20 խաղաղ բնակիչների, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ձգտելով վախեցնել եւ վերահսկել բնակչությանը, «Բոկո հարամի» գրոհայինները գնալով ավելի հաճախ են գրոհում քաղաքացիական օբյեկտների վրա: Վերջին ամսվա ընթացքում նրանք հարձակվել են 4 դպրոցների վրա, սպանել են տասնյակ աշակերտների: Արդեն մի քանի տարի է, ինչ «Բոկո հարամը» փաստացի պատերազմ է վարում իշխանությունների դեմ՝ որպես թիրախներ ընտրելով ոստիկանության եւ բանակի հետ կապված օբյեկտներ: Նրանք հարձակվում են նաեւ կրոնական համայնքների առաջնորդների եւ ցեղապետերի վրա: