Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները զրոյական արդյունք կունենան, քանի դեռ ինքը` Ստեփանակերտը չի մասնակցում բանակցային գործընթացին: Առանց ԼՂ մասնակցության այդ հանդիպումներում կայացրած բոլոր որոշումնեը անօրինական են լինելու: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ռազմական կանխատեսությունների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։

«Կարծում եմ, որ ադրբեջանական բանակը բավականին պատրաստված է Կովկասում ռազմական գործողությունների համար, բայց խոսել այն մասին, որ մոտ ժամանակներում Ադրբեջանը կդիմի ռազմական գործողությունների Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար, ճիշտ չի լինի»,-ասել է Ցիգանոկը։

Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ցիգանոկն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների աշնանային հանդիպումը անպայման կկայանա։ «Կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը կլինի այսպիսին՝ նա կկարողանա բացել հայ-թուրքական սահմանը առանց որեւէ նախապայմանի»,-հավելել է փորձագետը։