Բրիտանական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակներից մեկը, որը Լոնդոնից առեւանգվել է մոտ 3 տարի առաջ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

1,8 մլն դոլար արժողությամբ գործիքն ու երկու աղեղները հայտնաբերվել են նախորդ շաբաթ: Ոստիկանության տվյալներով՝ ոչ ջութակը, ոչ աղեղները վնասված չեն եղել: Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում:

Ջութակը վերադարձվել է Կիմին: «Մինչ օրս չեմ կարող հավատալ, որ դա տեղի է ունեցել: Ես այս գործիքով նվագում եմ դեռեւս դեռահաս տարիքից, այնպես որ այն իմ մի մասն է»,-ընդգծել է ջութակահարուհին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

1696թ երաժշտական գործիքը իր պատյանով եւ աղեղներով գողացվել էր 2010թ նոյեմբերին հարավկորեացի ջութակահարուհի Մին Չին Կիմից, ով ելույթ է ունենում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբում:

Մարտին Ստրադիվարիուսի ջութակը «ջրի երես է դուրս եկել» Բուլղարիայում, սակայն փորձագետները պարզել են, որ այն կեղծ է եղել: