Դավիթաշեն 4 թաղամասի 46 շենքի մոտ, այսօր՝ հուլիսի 30-ին քաշքշուկ է տեղի ունեցել շենքի բնակիչների եւ այդ տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու մտադրություն ունեցողների միջեւ: Բնակիչները թույլ չեն տալիս իրենց բակում շինարարական աշխատանքներ սկսել:
Այս պահին շենքի բակում են բնակիչները, մի խումբ ակտիվիստներ, ինչպես նաեւ ոստիկաններ: Վերջիններս փորձում են պարզել եղելությունը եւ առայժմ զրուցում են բնակիչների ու մյուսների հետ:
Ակտիվիստներից Վարդան Բլբուլյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մի խումբ մարդիկ եկել, սահման են գծել, փորձել են ծածկել այդ տարածքը՝ շինարարական աշխատանքներ սկսելու նպատակով, սակայն բնակիչները թույլ չեն տվել, ինչն էլ քաշքշուքի պատճառ է դարձել:
«Այստեղ է Դավիթաշեն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետը: Մեր տեղեկություններով՝ այս տարածքը գնվել է Արթուր Մարտիրոսյանի անունով, սակայն իրականում այն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանի որդուն՝ Հրաչին»,-ասաց նա:
Ավելի վաղ այդ շենքի բնակիչները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին. «Սիրելի բնապահպաններ նորից խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ (քանի որ մի քանի ամիս առաջ նոր շինարարության փորձը կանխվեց նաեւ Ձեր շնորհիվ) մեր հասարակ մահկանացուներիս ձայնը ավելի հնչեղ դարձնելու՝ կասեցնելու համար վերոնշյալ շենքի դիմաց՝ Դավիթաշեն 46/3 հասցեում Արթուր Մարտիրոսյանի կողմից իրականացվող նոր շինարարության թույլտվությունը եւ վերանայել քաղաքապետի հողահատկացման որոշումը, քանի որ մի փոքրիկ կանաչ, պտղատու ծառերով հողակտոր է միայն մնացել:
Վերջերս թաղապետարանի անտրամաբանական մոտեցմամբ արմատախիլ արվեցին 6 պտղատու ծառեր (արդեն պտուղներով) մեկ այլ «ապահով» տեղ տեղափոխելու նպատակով: Հետագա ծառահատումները կանխվեցին ուղակի էքսկավատորների դեմ նետվելու եւ տարբեր ատյաներ դիմում բողոքներ գրելու պատճառով: Սակայն խնդիրը դեռ արմատապես լուծված չեն եւ կարիք կա նախապատրաստվելու եւ պաշտպանվելու: Ինչո՞վ կարող եք մեզ օգնել, խնդրում եմ արձագանքեք:
Արդյոք փորձում են հասկանալ նման որոշում կայացնող մարդիկ որոշում կայացնելուց առաջ, թե ինչ է զգում հայ ծնողը, երբ ուզում են խլել նրա երեխայի լույսն ու թթվածինը, երբ սեփական տունը բանտի է նմանվում, քանի որ պատուհանից միայն մի հսկա պատ է երեւում)՝ կանխավ շնորհակալ ենք»:




























