Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։

Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։

Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երեւանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։

«Միգուցե դուք այս պահին Երեւանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարեւոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաեւ ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է։ Ինչեւէ, այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ եւ միասին մտածենք, թե ինչպես  Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաեւ՝ Երեւանի հյուրերին»,- նշել է արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը։

Երեւանի քաաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Էրեբունի բերդաքաղաքն արդի, նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երեւանի քաղաքապետարանի ծրագիրը։

«Մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, հանդես եկավ հետաքրիր այս նախաձեռնությամբ՝ «Էրեբունի» հնագիտական ամրոցի միջնաբերդում ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաեւ մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից որոշակի օրերի երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է գործընկերների, ներդրողների հետ ձեռնամուխ լինելու այս մեծածավալ նախաձեռնության իրականացմանը, որով Էրեբունին ավելի ներկայանալի կլինի մեր քաղաքացիների ու մեր մայրաքաղաքի հյուրերի համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։