Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանին հունիսի 25-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 12-ին Տ. Աղաջանյանը թմրանյութ փոխադրելու կասկածանքով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից անձնական խուզարկության էր ենթարկվել: Վերջինիցս հայտնաբերվել եւ առգրավվել էին բջջային հեռախոսներ եւ լիցքավորիչներ: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նույն քրեական գործով պարզվել է, որ թմրանյութով լցված հեռախոսն ու լիցքավորիչը կաշառքի դիմաց Տ. Աղաջանյանին հանձնել է Երեւան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2013 թվականի հուլիսի 25-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Տ. Աղաջանյանի եւ քաղաքացի Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:





























